Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական քոչարի մինչև 2017

Քաղաքական քոչարի մինչև 2017
09.02.2016 | 00:43

Անցած հինգշաբթին խոստացավ, բայց ոչինչ չփոխեց պետական կառավարման համակարգում՝ ՀՅԴ-ի թեկնածուները մնացին նույն կարգավիճակում, թեպետ մի քանիսի հետևից որոշակի պտտվում էր նախարարի ու մարզպետի ստվերը: Նաև դեսպանի: ՀՀԿ ԳՄ նիստը տևեց երկու ժամ ու քննարկեց Ընտրական օրենսգիրքը: Ավելացան տարաձայնությունները ՀՅԴ-ի ներսում: Բնական էր, որ ՀՅԴ արտասահմանյան կառույցները «ըմբռնումով» չէին վերաբերվելու «վարկաբեկված» ՀՀԿ-ի հետ համագործակցությանը: Նրանք ունեն կոնկրետ հարցեր, որոնց կոնկրետ պատասխանները հասկանալի են միայն Հայաստանում: Պատկերացնո՞ւմ եք՝ ամերիկացին կամ ֆրանսիացին, թեկուզ հայ, ինչպե՞ս պիտի հասկանա, որ ՀՅԴ-ն ընտրություններում ձայն ստանալու խնդիր ունի և նրան պետք է ՀՀԿ-ի աջակցությունը: Նրանք (և ոչ միայն նրանք) կասեն՝ Հայաստանում ո՞վ է ընտրում՝ ժողովո՞ւրդը, թե՞ կուսակցությունները: Եվ երբ ստանան պատասխան՝ Սահմանադրությամբ՝ ժողովուրդը, գործնականում՝ ԿԸՀ-ն, հաստատ կհարցնեն՝ ինչո՞ւ էիք Սահմանադրություն փոխում, ԿԸՀ-ն փոխեիք: Հրանտ Մարգարյանը ինչպե՞ս բացատրի, որ ԿԸՀ-ն փոխելու համար պետք է իշխանափոխություն անել:
Գործնականում: Իհարկե, սա չէ գլխավորը, սփյուռքյան ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա չի ազդի: Գլխավորը համագործակցության ձևաչափի մանրամասներն են: Վահրամ Բաղդասարյանն անցած ուրբաթ ԱԺ ճեպազրույցներում ասաց. «Մենք պահի խնդիր չենք լուծում այս բանակցություններով, այս բանակցությունները միտված են ապագային: Մինչև 2017 թվականը դա կարճաժամկետ է, իսկ ես ասում եմ, որ միտված է ապագային»: Ապագայում խորհրդարանական ընտրություններն են: Եթե ՀՅԴ-ին պետք է խորհրդարան մտնել ավելի ներկայացուցչական կազմով և առավելագույն խնդիրը՝ ունենալ քաղաքական երկրորդ ուժի կարգավիճակ, նվազագույնը՝ մասնակցություն պետական կառավարման համակարգում (վարչական լծակներ և ռեսուրսներ), ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ՀՅԴ-ն: Հարցը հռետորական է՝ բանակցում է ոչ թե ՀՀԿ-ն, այլ Սերժ Սարգսյանը: Բուն ՀՀԿ-ն բազմաշերտ ու բազմակարծիք կառույց է, որ մինչև հիմա չի բացել շերտերը և չի արտահայտել կարծիքը: Էլիտան խնդիր ունի պաշտոնները պահել, շարքայինների կարծիքը որոշիչ չէ: Անգամ էլիտան այս հարցում դժգոհ է՝ պատկերացրեք Հովիկ Աբրահամյանի դեմքը, երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կամ համագործակցություն է կազմվում, գործնականում ՀՀԿ-ն հանձնում է ունեցածը և ոչ թե ԲՀԿ-ին, այլ ՀՅԴ-ին: Շրջանցել ԲՀԿ-ին նույնն է, թե շրջանցել վարչապետին: Որևէ մեկը տեղյա՞կ է, թե Հովիկ Աբրահամյանն ի՞նչ կարծիք ունի կառավարության կառուցվածքային ու կադրային փոփոխությունների մասին, ի՞նչ է մտածում ՀՅԴ-ՀՀԿ հարաբերությունների առնչությամբ: Խոսուն չէ՞ նրա լռությունը: Եթե սրտով լիներ, մի քանի բառով գոհունակությունը կարտահայտեր, չէ՞, մի թերթ կամ մի կայք կգտնվեր ու հարց կտար, նա էլ սիրով կպատասխաներ: Ինչքա՞ն կձգվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցախաղը: Հիշո՞ւմ եք 2012-ը, որքան ձգեց Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու պատմությունը, նրանց քաղաքական քոչարին անսպասելի ավարտ ունեցավ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիայից, բայց և հրաժարվեց խորհրդարանում կուսակցությունը ընդդիմություն հայտարարելուց, ու ստացվեց «այլընտրանքը»: Գագիկ Ծառուկյանը 2013-ին հրաժարվեց նախագահի թեկնածու առաջադրվելուց, երբ 2015-ին որոշեց սխալն «ուղղել», ստացվեց՝ ինչ ստացվեց: ՈՒ ի՞նչ է կատարվում հիմա ԲՀԿ-ում: Հովիկ Աբրահամյանը լռեց, երբ կուսակցության առաջ փակեցին իշխանության դռները, բայց դա չարյաց փոքրագույնն էր: Պարզվեց՝ կա ավելի վտանգավոր ու հեռագնա ծրագիր՝ կուսակցությունը կա՛մ մասնատել, կա՛մ «վերցնել»:

Իհարկե, քաղաքական դաշտում գաղափարական բազմազանությունն անդառնալի կորուստ չի կրի, ոչ էլ այդ կուսակցությունն իբրև պաշտոն ստանալու ուղիղ ճանապարհ ընտրածները հերթ կկանգնեն Կիևյան կամրջի մոտ, բայց կորցնելով ԲՀԿ-ն, Հովիկ Աբրահամյանը կորցնում է իրավիճակի վրա ազդելու կարևոր լծակ, միաժամանակ Սերժ Սարգսյանը ստանում է ՀՀԿ-ն պառակտելու վտանգ: Ավելի նվազ, ավելի անհավանական, բայց, հանգամանքների փոփոխության դեպքում, իրական: ՀՀԿ-ի տարբեր շերտերը կարող են շերտատվել ու խոսել բարձրաձայն, եթե չստանան ակնկալիքը: Շատ հարմար է հիմա ՀՅԴ-ն դարձնել մահակ այն ՀՀԿ-ականների վրա, որ կորցնելիք ունեն ու կարող են ճամբար փոխել, եթե առաջանա գործող նախագահ-գործող վարչապետ ընտրության անհրաժեշտություն: Ի՞նչ է դա՝ նախազգուշացո՞ւմ, վտանգի կանխարգելո՞ւմ, ՀՀԿ-ի վերաֆորմատավորո՞ւմ, երբ այլևս ոչյուրայինները բացահայտելու են իրենց: Բոլորովին պարտադիր չէ, որ այդ գործընթացները հրապարակային լինեն, ներկուսակցական լաբիրինթոսում ոմանք կկորչեն, ոմանց ձեռքին կհայտնվի Արիադնայի կծիկը: Իսկ հանրությունը կիմանա կադրային տեղաշարժերի մասին՝ համոզիչ հիմնավորումներով կամ բացարձակ անհամոզիչ՝ բնավ կարևոր չէ: ԲՀԿ-ի ներքին ապստամբությունը լավ մտածված ծրագիր է՝ նախ կուսակցությանը առաջարկ չեն անում, հետո փորձում են ներսում հրահրել տարաձայնություններ: Ո՞վ: Արտաքուստ՝ ԲՀԿ-ականները, որ համաձայն չեն ԲՀԿ նախագահի վարած քաղաքականությանը: Կուսակցության նախագահ ու խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ուրբաթօրյա ճեպազրույցներում պարզ ասաց. «Այո, խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր այլ կերպ են մտածում: Նրանք կարծում են, որ լինելով կոալիցիայում, շատ ավելի արդյունավետ կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը, սակայն ես հակված չեմ դրան: Ես և իմ մի քանի գործընկերներ չենք կիսում այս տեսակետը: Մենք հարգանքով ենք վերաբերվում իրենց տեսակետին, և վստահ եմ, որ իրենք էլ հարգում են մեր որոշումը»: Գուցե հարգում են, բայց հարգանքը չի խանգարում պտտվել կառույցներում և կուսակցության նախագահի հրաժարականի հարց քննարկել: Նրանք չեն ընդունում, ինչպես կարծում է Նաիրա Զոհրաբյանը, որ համագործակցության մասին կարելի է խոսել, երբ պարզ կլինի 2017-ի քաղաքական խճանկարը, առայժմ կոալիցիայի ձևավորումը բացառվում է: ԲՀԿ-ում համարում են, որ այդ ընթացքով վտանգվում է խորհրդարանում հայտնվելու շանսը: Իրավացի են կասկածում, որ իրենք այլևս քաղաքական տերերին պետք կլինեն ու, ինչպես ընդունված է քաղաքական դաշտում, նոր տեր են որոնում, նրան, ում հետ խնդիրներ չեն ունենա և՛ պատգամավոր, և՛ նախարար, և՛ մարզպետ դառնալու նվիրական ցանկությունն իրագործելիս: Նրանք ծառայում են ժողովրդին: Ինչպե՞ս ծառայել ժողովրդին առանց պաշտոնի: Վահան Բաբայանը կամ մեկ ուրիշը բարոյական ու ֆինանսական պարտավորություն չունեն Նաիրա Զոհրաբյանի առաջ ու պատրաստ են հավատարմության կուսակցական երդումներն իրենք ընդունել, կամ տալ նրան, ով ուժեղ է: Իհարկե ԲՀԿ-ն «լիբերալ քննարկումների ոգով կուսակցություն է», ինչպես կարծում է Միքայել Մելքումյանը, բայց կուսակցական լիբերալիզմն ապրում է մինչև որոշում ընդունելը, որոշում ընդունելուց հետո լիբերալիզմը պայքար է կուսակցության դեմ: Նաիրա Զոհրաբյանի՝ իբրև կուսակցության նախագահի, դիրքերը սկսել են խարխլել ոչ միայն երիտԲՀԿ-ականները՝ ՀՀԿ-ականների դրդումով: Երբ պարզվեց, որ Արա Աբրահամյանը չհասկացված մարգարե է Հայաստանում, Վարդան Օսկանյանի մեջ նորից արթնացավ ուշացած մոհիկանը: Ճիշտ է, Վարդան Օսկանյանն այլևս ԲՀԿ-ական չէ, բայց եթե նա, որքան էլ հավանական ու անհավանական է, ստեղծի իր կուսակցությունը, կուսակիցներ կգտնի և ԲՀԿ-ից: Չմոռանանք՝ ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ է ստեղծվել ԲՀԿ-ն: Մոռացկոտներին հիշեցնեմ՝ Բաղրամյան 26-ում, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Նախագահական երկրորդ ժամկետը լրացնող Ռոբերտ Քոչարյանը փոխատեղության խնդիր էր ուզում լուծել՝ նոր կուսակցությունով խորհրդարանական մեծամասնություն ու վարչապետի պաշտոն ստանալով: Չստացվեց: ԲՀԿ-ն մնաց Գագիկ Ծառուկյանի բիզնես-նախագիծ: Գուցե նախագահի թեկնածությունն էր սխալ ընտրվել, գուցե Սերժ Սարգսյանի կարողություններն էին թերագնահատվել, գուցե ՀՀԿ-ն ավելին էր, քան հաշվարկում էր Ռոբերտ Քոչարյանը: Նա վարչապետ չդարձավ: Փաստորեն, թարս աստղի տակ է ԲՀԿ-ն ծնվել, հիմա էլ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ մնալու հաշվարկներն են փլվում: Բայց Վարդան Օսկանյանի ինչի՞ն է պետք կուսակցությունը: Նորից քննադատելու իշխանությա՞նը: Իբրև ԲՀԿ-ական քի՞չ է քննադատել՝ սրբորեն շրջանցելով իշխանության այն ժամանակահատվածը, երբ Ռոբերտ Քոչարյանը` նախագահ, ինքն արտաքին գործերի նախարար էր: Մինչև 2017-ի մայիս ի՞նչ է հասցնելու անել: Քաղաքական դաշտի պահեստայինի նստարանի աբոնենտ Ռոբերտ Քոչարյանի համա՞ր, սեփական խա՞ղ, ինքնարտահայտման ամբիո՞ն, ի՞նչ է Վարդան Օսկանյանի մտքին: Ո՞Ւմ ընտրազանգվածն է նա «տանելու»՝ սա, թերևս, ամենակարևոր հարցն է, եթե համարենք, որ Վարդան Օսկանյանը ժառանգություն է ստացել այնքան գումար, որքան ունի, բայց խնայում է Ռոբերտ Քոչարյանը, ունի, բայց անիմաստ է համարում այդ նպատակով ծախսել Արա Աբրահամյանը, ունի և Վարդան Օսկանյանին չի տա Կարեն Կարապետյանը: Պետք լինի՝ ինքը կուսակցություն կստեղծի: Ընտանիքի համար: Եթե Վարդան Օսկանյանին հույս են տվել, որ ինքը կներկայացնի ընդդիմությունը նոր խորհրդարանում, ինչի՞ համար են ստեղծվել «Լուսավոր Հայաստանը», «Ալյանսը», «Քաղաքացիական նախաձեռնությունը»: Գիտի, չէ՞, Վարդան Օսկանյանը՝ ինչպես խորհրդարան եկավ Էդմոն Մարուքյանը, ո՞վ էր մինչ այդ Վանաձորի «հավերժական» մեծամասնական պատգամավորը, և ո՞ւր է հիմա պարբերաբար ՀՀԿ-ական ու «հավերժական ընդդիմադիր» Վիկտոր Դալլաքյանը: Կամ ինչպե՞ս ստեղծվեց «Ալյանսը»՝ իր աչքի առաջ, ո՞վ է նախագահը, որտեղի՞ց է ֆինանսավորվում: Թե՞ խնդիր է դրված նրանց առաջնորդել, որ ավելի հավաստի թվան ընդդիմադիր հայտերը, և ավելի կառավարելի լինեն: Նիկոլ Փաշինյանը հաստատ չի համաձայնի: Եթե Վարդան Օսկանյանն իսկապես վերջին մոհիկանն է, որ միայնակ ուզում է հաղթել բոլորին, թող գնա ու կանգնի «Դոլմամայի» մայթին ու թույլ չտա, որ քանդեն հին Երևանի վերջին բեկորները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մի հարց էլ կա անցած շաբաթվանից՝ օմբուդսմենինը: ՀՀԿ-ն ասաց իր թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյան: ԲՀԿ-ն՝ իր, Մակար Եղիազարյան, Զարուհի Փոստանջյանին առաջադրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան պաշտպանում է ՕԵԿ-ը: Նարեկ Ալոյանին՝ Տիգրան ՈՒրիխանյանը: ՀԱԿ-ը չի որոշել՝ թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ: ՀՅԴ-ն ևս դեռ թեկնածու չունի: Այսօր, մինչև ժամը 18:00-ն ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է: Չկասկածեք, որ Արման Թաթոյանի և մյուսների թեկնածությունը բուռն ու համակողմանի կքննարկվի պետաիրավական հանձնաժողովում, հանձնաժողովը ԱԺ-ին կներկայացնի Արման Թաթոյանի թեկնածությունը, ու հենց նա կդառնա ՀՀ չորրորդ օմբուդսմեն: Վեց տարով: Գուցե իսկապես հենց նա, ինչպես խոստացել է, չդառնա հերթական «ամենաանհաջող կադրը» իշխանության համար, գուցե և դառնա՝ նախորդներին էլ նշանակում էր իշխանությունը, բայց ինչ-որ պահից երեքն էլ չարդարացրին «բարձր վստահությունը» և մինչև իրենց ժամկետի ավարտը չպաշտոնավարեցին: Իսկ Արման Թաթոյանը անգլերեն և ուկրաիներեն գիտի, ռուսերենն ու ֆրանսերենն էլ՝ նվեր, իրավաբանական գիտությունների թեկնածու է, աշխատել է ՄԻՊ-ի գրասենյակում և, ամենակարևորը, բավարարում է ՄԻՊ-ին ներկայացվող առաջին պահանջը՝ հայտնի է հասարակությանը և վայելում է նրա համակրանքը, չէ՞ որ մինչև առաջադրումը նրա անունը գիտեին միայն արդարադատության նախարարությունում: Գուցե պարզապես նախարարի՞ հետ լեզու չեն գտնում:

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ